ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈւԿ) ստեղծվել է 2000թ., Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ), Տեխասի A&M համալսարանի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (գործել է Հայաստանում 1992-2005թթ.) գործակցային համաձայնագրի հիման վրա: ԱՈւԿ-ն առաջարկում է ագրոբիզնեսի ոլորտի կրթություն` Հայաստանի և Վրաստանի ագրոպարենային համակարգում կայուն ձեռներեցության զարգացման նպատակով: Կենտրոնը պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող ագրոբիզնեսի մասնագետներ` անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով: 2007-2008 ուստարում Կենտրոնում սովորում են 93 ուսանողներ, որոնցից 14-ը` Վրաստանից:

ԱՈւԿ-ը հիմնադրվել է որպես Հայաստանի պետական ագրարային համալսարանի դեպարտամենտ և ՀՊԱՀ չորս տարի և երեք ամսվա ուսպլանի հիման վրա առաջարկում է ագրոբիզնեսի և շուկայաբանության 2 տարի և 3 ամսվա ծրագիր: ԱՈւԿ-ի ուսպլանը կազմված է պահանջվող առարկայական դասընթացներից ու ուսումնաարտադրական պրակտիկայից: Այն արևմտյան կառուցվածք ունի և հիմնված է Տեխասի A&M համալսարանի գյուղատնտեսական տնտեսագիտության գծով բակալավրատուրայի ուսպլանի վրա: Ուսուցման լեզուն անգլերենն է, դասախոսները` ԱՄՆ և եվրոպական համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և ամերիկացի մասնագետներ: Շրջանավարտները ստանում են ՀՊԱՀ դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական:

ԱՈւԿ-ն ավարտելու համար ուսանողները պետք է կուտակեն առնվազն 130 կրեդիտ` ըստ ԿՓԵՀ-ի (Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ):

Այսօր Կենտրոնը բիզնեսի կայացած տարածաշրջանային դպրոց է` արևմտյան կառուցվածքի ուսպլանով, բարձր որակավորում ունեցող դասախոսներով և սովորելու ամենաարդիական գործիքներով: Լսարաններն ու համակարգչային լաբորատորիան հագեցած են ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որն ուսանողների համար ապահովում է լիարժեք աշխատանքային միջավայր թե լսարանային և թե ինքնուրույն աշխատանքի համար