ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՏՎՈՎ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՙՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ՚-ՈՒՍԱՆՈՂԸ

Արևշատ Լյովայի Սարգսյանը Երևանի թիվ 57 դպրոցը ավարտելուց հետո հաջողությամբ հանձնեց ընդունելության քննություններն ու դարձավ տեխնոլոգիական ‎ֆակուլտետի ուսանող: Պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության երկրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ: Ծառայում էր Վանաձոր քաղաքում, որպես ջոկի հրամանատար: Նա բարեխղճորեն էր կատարում իր վրա դրված պարտականությունները, սիրված ու հարգված էր ընկերների և հրամանատարության կողմից: Բանիմաց  և ուշիմ երիտասարդը շուտով ստացավ կրտսեր լեյտենանտի կոչում, աչքի ընկավ խորը գիտելիքներով հմտություններով ու զորացրվելու անմիջապես առաջ տեղեկացավ, որ արժանացել է ՙՔաջարի մարտիկ՚ կրծքանշանի: ՙՀԱՍԿԸ՚ ջերմորեն շնորհավորում է այս հրաշալի երիտասարդին ու նրա ընտանիքի անդամներին, ովքեր կարողացել են լավ զավակ ու զինվոր դաստիարակել:
Արևշատը արդեն վերադարձել է հարազատ բուհ, և համոզված ենք, որ ուսումնառության հետագա տարիներին ևս նա կփայլի իր կարգապահությամբ և իմացությամբ:

Նշենք նաև, որ Արևշատի կրտսեր եղբայրը` Արտաշեսը նույնպես մեր բուհի ուսանող է: Ագրոբիզնես և շուկայաբանություն մասնագիտության երկրորդ կուրսն ավարտելուց հետո նա ևս մեկնեց բանակ` Հայրենիքի առջև իր պարտքը կատարելու: Արդեն անցել է ծառայության առաջին տարին: Մեր բոլոր-բոլոր զինվորներին մաղթենք անամպ, խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:

ՄԵԿԸ  ՄԵՐ  ԼԱՎԱՈՒՅՆՆԵՐԻՑ
ՙՇՆՈՐՀԱԿԱԼ  ԵՄ  ՀՊԱՀ-ԻՑ՚
Օրերս ՙՀԱՍԿԻ՚ խմբագրություն էր այցելել ՏՓ ‎ֆ‎ակուլտետի շրջանավարտ Հովհաննես Գրիգորյանը: Ես նրան մշակութաբանություն դասավանդելու երջանկությունն եմ ունեցել: Ընդհանրապես լավ կուրս էին ու սիրով եմ հիշում նրանց: Արդեն առաջին փայլուն հաջողությունները արձանագրված են: Այսպես, Վլադիմիր Մարգարյանը հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունն ու համալրեց մեր բուհի երիտասարդ գիտնականների շարքերը:
Հովհաննեսը ավարտելուց հետո պատվով ծառայեց ազգային բանակում, Արցախում: Հետո±: Հետո°, վաղուց լուր չունեի նրա մասին: Հիմա եկավ, որ ՙի լուր աշխարհի՚ հայտնի.
-Շնորհակալ եմ մեր բուհից, բոլոր-բոլոր դասախոսներից, ընկեր Բազիկյանից, ընկեր Բալայանից: Նրանց տված ամուր, հաստատուն, կայուն գիտելիքների շնորհիվ է, որ օտար երկրում շատ արագ կայացա որպես մասնագետ ու գտա իմ տեղը:
Նա աշխատում է Եկատերինբուրգի ուղևորատար խոշոր ավտոձեռնարկություններից մեկում: Սկզբում մեխանիկ էր, հետո նկատեցին աշխատասիրությունը, բանիմացությունը ու ծառայողական սանդուղքով վերելքը հեշտ եղավ: Ավելի ճիշտ, այդ մենք ենք ասում` ՙհեշտ եղավ՚: Բայց Հովհաննեսից մեծ ջանքեր պահանջվեցին:
-Հինգ առաջադրանք էին տալիս, վեցն էի կատարում, եթե հարկավոր էր` կարող էի աշխատել իմ հանգստի հաշվին,-պատմում է նա` հիմա արդեն ընկերության միասնական դիսպետչերական կենտրոնի փոխտնօրենը:
Հովհաննեսը եկել է Հայաստան, որ ընտանիք կազմի բժշկական կրթություն ունեցող (մեր բուհի համար սա արդեն տրադիցիոն ընտրություն է` ՙհարսնացնել՚ բժշկուհիներին) Աննայի հետ: Մաղթենք նորաստեղծ հայկական ընտանիքին երջանկություն, ՙմի բարձի ծերանան՚, ՙՅոթ որդով սեղան նստեն՚: Եւ, ամենակարևորը, թո°ղ արգասաբեր լինի նրանց աշխատանքը, որ բավարար հիմք ունենան Հայրենիք վերադառնալու և սեփական ժողովրդին ծառայելու համար