Միջազգային կապեր

ՀՊԱՀ-ի ռազմավարական գործընկերն է ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը: Մարքեթինգի աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորվել են սերտ կապեր Տեխասի A&M համալսարանի հետ: Նույն ծրագրի շրջանակներում 1999 թվին հիմնադրվել է ագրոբիզնեսի հայ-ամերիկյան ուսումնական կենտրոն, որը հնարավորություն է ընձեռում ՀՊԱՀ-ի ուսանողներին, մագիստրանտներին և դասախոսներին վերապատրաստվել Տեխասի, Ֆրեզնոյի, Ջորջիայի, Վաշինգտոնի համալսարաններում:

Տեմպուս ծրագրի շրջանակներում ագրարային համալսարանը համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենհայմի և Հոլանդիայի Վագենինգեն համալսարանների հետ: Գերմանացի և հոլանդացի մասնագետների և բուհի վերապատրաստում անցած մասնագետների մեթոդական աջակցության շնորհիվ համալսարանում ներդրվել են նոր ուսումնական ծրագրեր:

Նույն ծրագրի շրջանակներում հիմնադրվել է լեզուների ուսուցման կենտրոնը, որն ապահովված է նորագույն ձայնա- և տեսասարքավորումներով և ուսումնամեթոդական ձեռնարկներով:

Ներկայումս Հայաստանի պետական ագրարային համալսարանը Հոհենհայմի, Ավստրիայի գյուղատնտեսական համալսարանի (Վիեննա) և Փարիզ-Գրինյոնի գյուղատնտեսական ինստիտուտի հետ միասին աշխատում է “Բնօգտագործման էկոնոմիկան և Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության ոլորտի բարեփոխումները” նախագծի վրա: Նույն նախագծի շրջանակներում ՀՊԱՀ-ը համագործակցում է Վրաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի (Թբիլիսի) և Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի (Գյանջա) հետ:

2001 թվից ամուր կապեր են հաստատվել Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի հետ (Սկինսկատեբերգի անտառճարտարագիտական դպրոց) կրթության ոլորտում: Համատեղ նախագծի առաջին փուլի արդյունքում 2003 թվին ՀՊԱՀ-ում հիմնադրվեց անտառագիտության ամբիոնը և մշակվեցին նոր ուսումնական ծրագրեր, ուր հաշվի են առնված հանրապետության անտառային տնտեսության կենսական հիմնախնդիրները: Երկրորդ փուլի ծրագրով (2004-2007 թթ.) նախատեսվում է կազմակերպել ամբիոնի դասախոսների վերապատրաստումը և նյութատեխնիկական բազայի ամրապնդումը: Առանձնակի ուշադրություն է դարձվելու գործնական աշխատանքների ծրագրերի կազմմանը:

Երկարաժամկետ ծրագրի շրջանակներում (2002-2009 թթ.) ՀՊԱՀ-ը համագործակցում է Գերմանիայի Վահենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ ագրոմենեջմենթի ասպարեզում: Ամեն տարի ագրարային համալսարանի 8-10 մագիստրանտ իրենց ուսումն են շարունակում Գերմանիայում:

Հայաստանի պետական ագրարային համալսարանը համագործակցում է Գերմանիայի բնության պահպանության դաշնային գերատեսչության հետ օրգանական երկրագործության զարգացման հարցերի շուրջ: Հաստատված է նաև ծրագիր` Վրաստանի և Ադրբեջանի հետ համատեղ ամսագրի հրատարակման վերաբերյալ:

ՀՊԱՀ-ը զարգացնում է արդեն ավանդական դարձաց կապերը Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի, Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի ակադեմիայի, Վ.Պ.Գորյաչկինի անվան Մոսկվայի պետական ագրոինժեներական համալսարանի հետ նոր ուսումնամեթոդական ծրագրերի և համատեղ հրապարակումների ոլորտում:

Նույն նպատակով ագրարային համալսարանը կապեր է ստեղծում ՈՒկրաինայի ազգային ագրարային համալսարանի և Բելառուսի պետական գյուղատնտեսական համալսարանի հետ:

ՀՊԱՀ-ը ակտիվորեն համագործակցում է Վրաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի հետ` տարածաշրջանային համատեղ նախագծերի և հրատարակչական գործունեության ոլորտում:

Չինաստանի Խեբեյ գավառի ագրարային ակադեմիայի հետ իրականացվում է գիտահետազոտական ծրագիր խաղողագործության և պտղաբուծության գծով, որը նախատեսում է փորձի փոխանակում և մասնագետների փոխայցելություններ:

ՀՊԱՀ-ի գործընկերն է Խանիայի (Հունաստան) միջերկրածովային ագրոնոմիական ինստիտուտը, ուր ներկայումս իրենց ուսումն են շարունակում մի խումբ մագիստրանտներ և ասպիրանտներ:

Արդյունավետ կապեր են հաստաված միջազգային մի շարք կազմակերպությունների, մասնավորապես` FAO-ի և ICARDA-ի հետ